Արցախի Հանրապետության Թալիշ համայնքում շինարարական աշխատանքներն ընթանում են գյուղապետարանի եւ հանդիսությունների շենքերի շրջանում, իսկ մոտ օրերս կսկսվեն դպրոցի եւ մակնապարտեզի շինարարության աշխատանքները: Այս մասին Թալիշում լրագրողների հետ զրույցում նշել է համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը, հաղորդում է «Արցախպրեսը»:
Նրա խոսքով, զուգահեռ կընթանան երեք անհատական տների շինարարությունները. «Հին դպրոցը չի վերանորոգվում զուտ այն պատճառով, որ դիրքերից ուղիղ նշանառության տակ է գտնվում: Նոր դպրոցը կկառուցվի գյուղապետարանի եւ հանդիսությունների շենքի արանքում: Վրանային ավաններում եւ իրենց տներում արդեն իսկ մի շարք տղամարդիկ են ապրում: Նրանք հետեւում են գյուղի աշխատանքներին, ծառայություն են մատուցում: Իսկ ընտանքիները ժամանակավոր ապաստանում են համայնքի տարածքից դուրս, հիմնականում՝ Ալաշանում»:
Վիլեն Պետրոսյանը նշեց, որ ապրիլյան իրադարձություններից հետո վնասները հաշվարկվել են եւ Կառավարության կողմից դրանց փոխհատուցման առաջին փուլն արդեն կատարվել է: Գյուղապետի խոսքով՝ բնակչության ունեցած մեքենաները, որոնք վնասվել էին թշնամու կողմից, արդեն փոխհատուցվել են, իսկ երկրորդ փուլով կփոխհատուցվի անասնագլխաքանակը:
«Թալիշի բնակաչության համար կրակոցները շատ սովորական են դարձել: Այժմ մենք նոր մոտեցումներով ենք փորձում դիմադրել այդ կրակոցներին եւ ապահովել անվտանգությունը: Նոր կառուցվող բոլոր շինությունները կունենան իրենց ապաստարանները: Այս տարի Թալիշում բերքը շատ է եւ համոզված եմ մեր բնակիչներն անպայման թափ են տալու Թալիշի թութը եւ ծառների բերքերը»,- ասաց Պետրոսյանը՝ վտահեցնելով, որ Հայաստանում ապրող՝ Թալիշի բնակիչների մոտ ցանկություն կա վերադառնալու:
Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Թալիշ գյուղն արկակոծվել էր երեք կողմերից՝ բացառությամբ թիկունքից:




























