Ադրբեջանի մամուլի խորհուրդը հետեւելու է Ադրբեջանում լրատվական ինտերնետ-ռեսուրսների լրագրողների պրոֆեսիոնալ էթիկայի կանոնների պահպանությանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի մամուլի խորհրդի նախագահ Աֆլաթուն Ամաշեւը:
«Ադրբեջանում որոշ դեպքերում լրագրողները լրատվական ինտերնետ-ռեսուրսներ օգտագործելիս, նորություններ հաղորդելով մարդկանց մասին, խախտում են լրագրողական պրոֆեսիոնալ էթիկայի կանոնները: Մամուլի խորհուրդը ընդլայնել է իր գործունեությունն այդ ոլորտում: մենք արդեն սկսել ենք բողոքների ընդունումը` կապված ինտերնետ-ռեսուրսների հետ: Այսուհետ այդ հարցով Մամուլի խորհրդին ուղղված բոլոր բողոքները քննարկվելու են»,- ասել է նա, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Ամաշեւի խոսքով, հաջորդ տարվա հունվարին հատուկ միջոցառում կանցկացվի` ինտերնետ ռեսուրսների վերահսկողության հետ կապված: «Դրանից հետո մենք սերտորեն համագործակցելու ենք լրագրողների հետ եւ ձգտելու ենք նրան, որ հրապարակվող նյութերը համապատասխանեն լրագրողական պրոֆեսիոնալ էթիկայի կանոններին եւ դուրս չգան դրանց սահմաններից: Այդ ուղղությամբ Մամուլի խորհուրդը մեծ պլաններ ունի»,- ասել է Ամաշեւը:
Մամուլի խորհրդի նախագահի ներկայացմամբ, կա նաեւ առաջարկ վերահսկել նաեւ սոցիալական ցանցերը:
«Սոցիալական ցանցերին վերաբերում են որպես ազատ հղումների աղբյուրի, իսկ դա հաճախ հանգեցնում է որոշակի դիվերսիոն նպատակների իրականացման: Մասնավորապես, մի շարք ահաբեկչական խմբավորումներ սոցիալական ցանցերի միջոցով քարոզչություն են իրականացնում: Ուստի անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել այնտեղ»,- ասել է Ամաշեւը:
Ներկայումս Ադրբեջանում գործում է շուրջ 20 հայտնի ինտերնետ ռեսուրս:



























