Հունիսի վերջին Հայաստանում ակնկալվում է Profpanel արեւային վահանակների արտադրության առաջին գործարանի բացումը։ NEWS.am–ի թղթակցին ընկերության տեխնիկական տնօրեն Վահե Շարաֆյանը հայտնել է, որ տեղում իրականացվելու է ֆոտոտարրերի շղթաների ավտոմատ զոդում, հետո լամինացում ու վերջում՝ փորձարկում։ Արտադրության ընթացքում արտադրանքը փորձարկվում է առնվազն երեք անգամ, անցնելով խիստ ստուգում՝ միկրոճաքերի ու այլ թերությունների հայտնաբերման համար։ Ընկերությունն ուզում է շուկա դուրս գալ SolarOn ապրանքանիշով։

«Իհարկե, մենք ինքներս դեռ չենք արտադրում ֆոտոտարրեր։ Աշխարհի արեւային վահանակների արտադրողների ընդամենը 10 տոկոսն է նաեւ արեւային բջիջներ արտադրում։ 90 տոկոսն օգտագործում է թայվանյան կամ չինական ֆոտոտարրեր»,- նկատել է Շարաֆյանը։

Եթե խոսենք բուն վահանակների ՕԳԳ-ի մասին, ապա այն կախված է արեւային ֆոտոտարրերի (կամ բջիջների) ՕԳԳ-ից, ու ապակու ու բջիջները ծածկող լամինացիոն թաղանթի ֆիզիկական բնութագրերից։ Մեկ p-n անցումով, կրեմնիումի հիմքով Ֆոտոտարրերի համար տեսական սահմանը 32 տոկոս է , շուկայում ամենաարդյունավետ ֆոտոտարրերինը՝ մոտ 22 տոկոս է։ Դրանք ֆոտոէլեկտրական մոդուլներ են, որոնք արտադրվում են PERC tեխնոլոգիայով։ Ընկերությունն արդեն աշխատել է 21 տոկոս արդյունավետությամբ բջիջների հետ, բայց մոտ ժամանակներս կանցնի 22 տոկոս ՕԳԳ-ով բջիջների։ «Մենք արդեն ապահովել ենք 280 Վտ հզորություն` 60 բջիջներից բաղկացած մոդուլների համար»,- նկատեց Շարաֆյանը։

Ընկերության սեփականատերը  Մոսկվայում ապրող հայեր են (հիմնական սեփականատերը Արթուր Ալավերդյանն է, «Պրոֆխոլոդ» ընկերության հիմնադիրը։ Ընկերությունն PIR լցոնիչով շինարարական սենդվիչ – վահանակների առաջատար է ռուսական շուկայում)։ Հետո հայտնվել է շինարարական վահանակները արեւային մոդուլների հետ ինտեգրելու մտահղացումը։ Այդ խնդրի շուրջ ընկերությունն աշխատում է ֆոտովոլտաիկայի ոլորտի հետազոտական եվրոպական առաջատար կենտրոնների հետ համատեղ։

Երբ 2016-ի մարտին Հայաստանում ընդունվեց նեթ- մեթերինգի մասին օրենքը (սպառված էներգիայից էլեկտրացանց սեփական մատակարարումների դուրս գրումը) ընկերությունը որոշեց այստեղ աշխատել։

«Ռուսաստանում չկա նման օրենք, ու էներգացանցը չի փոխհատուցում էլեկտրականությունը, որն ավտոնոմ արեւային կայանները մատակարարում են նրան։ Ավելի ճիշտ, կարող է անել դա, բայց մի պայմանով՝ եթե էլեկտրաէներգիան արտադրում է իրավաբանական անձը, իսկ վահանակների ավելի քան 50 տոկոսը Ռուսաստանում է արտադրված։

Բացի դրանից այնտեղ էլեկտրաէներգիան ավելի էժան է, քան Հայաստանում, քանի որ ծախսերը հետ բերելու ժամկետն ավելի բարձր է։ Հայաստանում այն 7-8 տարի է, իսկ Ռուսաստանում՝ 18-20 տարի»,- պարզաբանել է Շարաֆյանը։

1 հերթափոխ աշխատանքի դեպքում գործարանը կարող է տարեկան 5 ՄՎտ հզորության վահանակներ արտադրել։ Ամբողջ հանրապետությունում պոտենցիալ պահանջարկը մոտ 1 գՎտ է, կամ էլ ներկա հզորությունների մոտ մեկ քառորդը։

Շարաֆյանի կարծիքով, հայկական ընկերությունները, լինեն դրանք վահանակներ արտադրողներ, թե ներմուծողներ, կարող են 10 տարում բավարարել այդ պահանջարկը, նաեւ որովհետեւ արեւային էներգիայի գները վերջին տարիներին շարունակում են նվազել։

«Մենք հույս ունենք մեր ծանրակշիռ ավանդը ներդնել այդ գործընթացում։ Իսկ Հայաստանում վահանակներ ներմուծողներին մենք մրցակիցներ չենք համարում։ Քանի որ նրանք, ինչպես եւ մենք, օգնում են տարածել էկոլոգիապես մաքուր էներգիան մեր երկրում»։

1․5 կՎտ հզորության մինի կայանի արժեքը մոտ 1․5 հազար դոլար է։ Դա բավարար է տնային տնտեսության համար, որը ամսական մոտ 200 կՎտԺ է ծախսում։ Այդ թվում արեւային ճառագայթման բարձր ինտենսիվության շնորհիվ․ ըստ ՆԱՍԱ-ի տվյալների, Հայաստանում այն կազմում է 1760-1800 կՎտԺ/ մ² տարեկան (Եվրոպայում մոտ 1000 է)։

Ընկերության համար տեղական շուկան դեռ բավարար է։ Բայց մոտ ժամանակներս ընկերությունը, անցնելով հավաստագրման ընթացակարգը, հույս ունի դուրս գալ նաեւ հարեւան երկրների ու Եվրոպայի շուկա։

Ընդ որում ընկերությունը կարող է դառնալ նաեւ պատվիրատու ՝ այլ տեղական արտադրողերի համար։ Հայաստանում կարելի է արտադրել ալյումինային շրջանակներ արեւային վահանակների համար կամ էլ բաշխիչ տուփեր՝ շունտավորող դիոդներով, վստահ է Շարաֆյանը։ «Տեղական արտադրողներին արդեն առաջարկել ենք  համագործակցել ու հույս ունենք, որ հետագայում նրանց կողմից հետաքրքրությունը գոնե մի քիչ կաճի»,- նշեց նա։