Մեքսիկայի տարրական և միջնակարգ դպրոցներում բջջային հեռախոսների ու պլանշետների օգտագործման սահմանափակումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 3-ից։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։
«Դրանք կարելի է պահել պայուսակում, սակայն ո՛չ դասերին, ո՛չ էլ դասամիջոցներին չի թույլատրվի օգտվել բջջային հեռախոսներից»,- առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Շեյնբաումը։
Նրա խոսքով՝ Կրթական իշխանությունների ազգային խորհրդի համապատասխան որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 22-ին՝ պաշտոնական տեղեկագրում։
Որոշումն ընդունվել է միաձայն՝ խորհրդի սեպտեմբերի 18-ի նիստում, որին մասնակցել են Մեքսիկայի բոլոր 32 նահանգների դաշնային և տարածքային կրթական մարմինների ներկայացուցիչները։
Փաստաթղթի հրապարակումից հետո երկրի ժողովրդական կրթության նախարարությանը 30 օր ժամանակ կտրամադրվի դպրոցներում տեղեկատվական հանդիպումներ անցկացնելու համար, որտեղ ուսուցիչներին ու ծնողներին կպարզաբանվեն նոր կանոնները։
Բջջային սարքերի և էկրանների օգտագործումը կթույլատրվի միայն արտակարգ իրավիճակներում կամ երեխաների հատուկ կարիքներով պայմանավորված անհրաժեշտության դեպքում, պարզաբանել է Շեյնբաումը։
Սահմանափակումը կվերաբերի տարրական և միջնակարգ դպրոցների աշակերտներին։ Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում յուրաքանչյուր հաստատություն ինքնուրույն կսահմանի սարքերի օգտագործման կանոնները՝ հաշվի առնելով անվտանգության պահանջներն ու կրթական նպատակներով դրանց կիրառման հնարավորությունը։
Բարձրագույն ուսումնական հաստատություններում արգելք մտցնել չի նախատեսվում։ Կրթության նախարարությունը մտադիր է այնտեղ խրախուսել սարքերի պատասխանատու և անվտանգ օգտագործումը, այդ թվում՝ էթիկայի և քննադատական մտածողության վրա հիմնված թվային մշակույթի զարգացումը։
«Նպատակն է վերականգնել ստեղծագործ մոտեցումն ու խուսափել էկրանների անվերահսկելի օգտագործումից, որը, հատկապես սոցիալական ցանցերի հետ կապված, կարող է շատ բացասական հետևանքներ ունենալ»,- ասել է նախագահը։
Նոր կարգավորումը մշակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նյութերի, միջազգային փորձագետների կարծիքների և համալսարաններում անցկացված հինգ տարածաշրջանային ֆորումների արդյունքների հիման վրա։ 565 հազար ուսուցիչների շրջանում անցկացված հարցման համաձայն՝ նրանց 81%-ը կողմ է արտահայտվել դպրոցներում բջջային սարքերի օգտագործման հատուկ կանոնների ներդրմանը։





























