ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) պարետային ժամ է սահմանել Էստոնիայի հետ սահմանամերձ Լենինգրադի մարզի Կինգիսեպի և Սլանցիի շրջաններում։ Տեղաշարժի տարբեր արգելքներ նախատեսող սահմանափակումները գործելու են մինչև սեպտեմբերի 26-ը։ ԱԴԾ-ից հայտնել են, որ այս միջոցառումներն անհրաժեշտ են սահմանախախտումներն ու ապօրինի միգրացիան կանխելու, ինչպես նաև Չուդ լճի «ջրային կենսաբանական ռեսուրսները» պաշտպանելու համար։
Էստոնիայի սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Անդրիս Վիլտսինը հայտնել է, որ Տալլինը նախապես տեղյակ է եղել սահմանափակումների ներդրման մասին, թեև Ռուսաստանն այդ մասին պաշտոնապես չի ծանուցել։ Նրա խոսքով՝ ռուսական կողմում ժամանակավորապես արգելվել են որսորդությունն ու առանց հատուկ թույլտվության հրազեն կրելը, ինչպես նաև սահմանափակվել է Նարվա գետով իրականացվող երթևեկությունը։ Էստոնիայի ոստիկանության և սահմանապահ պահպանության դեպարտամենտը, այլ ծառայությունների հետ համատեղ, հետևում է արևելյան սահմանին տիրող իրավիճակին, գրում է «Delfi»-ն։
Վիլտսինը նաև պատմել է, որ անցած գիշեր ռուսական կողմից մի տղամարդ ապօրինի հատել է Նարվա գետի վրա գտնվող ժամանակավոր վերահսկիչ սահմանն ու անցել Էստոնիա։ Նրան նկատել է դիտարկման ծառայության աշխատակիցը, ինչից հետո տղամարդուն ձերբակալել են։ Ձերբակալվածը Հորդանանի քաղաքացի է եղել․ նրան տեղափոխել են Նարվայի ձերբակալվածների պահման կենտրոն։





























