ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային է պատասխանատու համարում ամերիկացի ուսանողի մահվան համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոերթը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն համարում է, որ Փհենյանը պատասխանատվություն է կրում Ուորմբիերի անհիմն բանտարկության համար։ Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ ԱՄՆ երեք քաղաքացիները, որոնց անարդարացիորեն ձերբակալել են Հյուսիսային Կորեայում, հնարավորինս շուտ տուն վերադառնան։
Հիշեցնենք, որ ամերիկացի Օտտո Ուորմբիերը մահացել է Հյուսիսային Կորեայից ԱՄՆ տեղափոխվելուց մեկ շաբաթ անց։
Անցած շաբաթ Օտտոն ազատ է արձակվել Հյուսիսային Կորեայից ու տեղափոխվել հայրենիք կոմայի վիճակում։ Փհենյանի վարկածով, Ուորմբիրը բոտուլիզմով է հիվանդացել բանտում, քնաբեր է ընդունել ու կոմայի մեջ ընկել ։ Դա մոտ մեկ տարի առաջ է տեղի ունեցել։ Անցած շաբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ հաջողվել է պայմանավորվել երիտասարդի ազատ արձակման մասին, որին 15 տարվա ուղղիչ աշխատանքների էին դատապարտել։ ԿԺԴՀ-ի իշխանությունները նրան մեղադրել էին «հակապետական գործողությունների» մեջ, քանի որ երիտասարդը պատռել էր քարոզչական պաստառը։





























