Նոր մանրամասներ են ի հայտ եկել նոյեմբերի 27-ի առավոտյան Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան 31 շենքի բակում անհայտ անձի կողմից հրազենով կատարված սպանության վերաբերյալ: Սպանվողը արտարժույթի փոխանակման կետի տնօրեն էր:
Քննչական մարմինները պարզել են, որ սպանվածի մոտ այդ պահին եղել է 51 մլն դրամ գումար, որը սպանություն կատարողը կամ կատարողները հափշտակել են:
Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 27-ի առավոտյան ժամը 09:30-10:00-ի սահմաններում Գյուլբենկյան 31 շենքի բակում անհայտ անձը կամ անձինք հրազենով սպանել էին 46-ամյա Աշոտ Դերենիկի Հարությունյանին, ով Կասյան փողոցի վրա ունեցել է արտարժույթի փոխանակման կետ: Հնչել էր 3-4 կրակոց:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔրՕրի. 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն): Հնարավոր է նաեւ, որ քննության ընթացքում հանցագործությունը վերաորակավորվի:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























