WikiLeaks-ի հրապարակած նյութերը «զարմացրել են» Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովին:
«Զարմացրել են, որովհետեւ այնտեղ արտահայտված են որոշ տեսակետներ, որոնք իբրեւ թե արտահայտել է Ադրբեջանի նախագահը հանդիպումների ժամանակ»,-պարզաբանել է Մամեդովը:
Նա նշել է, որ Իլհամ Ալիեւի կողմից անցկացվող բոլոր քաղաքական հանդիպումներին անձամբ մասնակից է եղել:
«Ես նաեւ մասնակցել եմ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ փոխպետքարտուղար Բերնսոնի հանդիպմանը: Հարկ է նշել, որ կոնկրետ այդ հանդիպումը նվիրված էր երկու հարցերի: Առաջինը`ղարաբաղյան հակամարտությանը, երկրորդը` ԱՄՆ եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ուզում եմ հայտարարել, որ Ադրբեջանի նախագահի կողմից անցկացրած բոլոր հանդիպումների ժամանակ նախագահը չի խոսում երրոդ կողմի, կամ պետության մասին: Այդպես է եղել նաեւ Բերնսոնի հետ հանդիպման ժամանակ»,-հայտարարել է Մամեդովը:
Նա նշել է, որ այդ բնույթի հայտարարությունները փոխպետքարտուղարի հանդիպման հետ կապված տարակուսանք են առաջացնում:
«Ստացվում է, որ նրան, ով բանակցություններ է վարում, անցած թվով հայտնում են իրենց իսկ ասածի էության մասին: Հավանաբար կան ուժեր, որոնք ձգտում են փչացնել տարբեր երկրների միջեւ եղած հարաբերությունները եւ այդ ուժերը որոշակի քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ: Դա վտանգավոր միտում է»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան:
Նրա խոսքով, նման բնույթի հարցերի ի հայտ գալը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ մտորումների տեղիք է տալիս: «Այսինքն այդ հաղոդրագրությունների տարածումն ու Աստանայում կայանալիք գագաթաժողովի համընկնումը հարցեր են առաջացնում միջազգային հանրության մոտ»,-հայտարարել է Մամեդովը:





























