WikiLeaks-ի գաղտնազերծված փաստաթղթերը «լույս են սփռել» 2008-ի օգոստոսի 8-ին Հարավային Օսիայում սկսված ռուս-վրացական պատերազմի վրա:
WikiLeaks-ի տվյալներով, ամերիկացի դիվանագետները դեռ օգոստոսի 8-ի նախօրեին (օգոստոսի 7-ին) գիտեին Հարավային Օսիայի վրա Վրաստանի հարձակման մասին:
Այսպես, Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Ուիլյամ Թեֆթան օգոստոսի 7-ին տեղեկության է տվել ԱՄՆ ղեկավարությանը, որ Հարավային Օսիայում դաժան մարտեր են սկսվել: Սակայն ավելի ուշ նա տեղեկացրել է ԱՄՆ պետդեպարտամենտին, որ 30 ավտբուսներից կազմված շարասյունը, որում եղել են համազգեստավոր մարդիկ, Թբիլիսիից ուղեւորվել է երկրի հյուսիս: Դիվանագետի նամակում կան նաեւ այլ մանրամասներ, որոնք վկայում են, որ վրացական իշխանությունները ցանկանում են մեծացնել ռազմական ներկայությունը հակամարտության գոտում:
Հաջորդ օրը Թեֆթը` հղում անելով ԵԱՀԿ ռազմական դիտորդներին, հայտնել է, որ վրացական զորքերը գնդակոծել են Ցխինվալին, չնայած կրակի միակողմանի դադարեցմանը, որի մասին հայտարարեց Սահակաշվիլին օգոստոսի 7-ի երեկոյան, գրում է Gazeta-ru-ն:
Wikileaks կայքն սկսել է ԱՄՆ պետդեպարտամենտի տասնյակ հազարավոր փաստաթղթեր հրապարակել, ներառյալ դեսպանատների հետ գրագրությունը: Wikileaks-ն արդեն հայտարարել է, որ գաղտնի փաստաթղթերի արխիվը կբացահայտի «ալիքներով»` շուրջ 1,5 ամսվա ընթացքում:




























