Աբսուրդ, հորինվածք, ճշմարտության ոչ մի հատիկ չպարունակող տեղեկություն, այսպես արձագանքեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Սետյոպա Սարֆարյանը մամուլում այսօր՝ նոյեմբերի 30-ին հրապարակված այն տեղեկությանը, ըստ որի իրեն առաջարկել են անդամագրվել ՕԵԿ-ին եւ այդ նպատակով հանդիպում է տեղի ունեցել իր եւ ՕԵԿ-ի ղեկավարության միջեւ: «Բացարձակ որեւէ հանդիպում, որեւէ տեղում չի եղել, թե որտեղից են նման բաներ հորինել, մնում է միայն եզրակացնել»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Սաֆարյանը: Նա նաեւ անդրադարձավ նույն հրապարակման այն տողերին, թե ՕԵԿ-ին անդամագրվելու առաջարկը հիմնավորվում է նրանով, որ 2012-ին «Ժառանգությունը» ԱԺ չի մտնելու եւ «ժամանակն է լքել խորտակվող նավը»:
«Ի~նչ խորտակվող նավ…«Ժառանգությունը» թափ է հավաքում, իսկ ես այնքան բարձր եմ գնահատում իմ կուսակցության շանսերը…Ես ինչո՞ւ պետք է դավաճանեմ իմ թիմին, որի հետ ինձ լավ եմ զգում»,-արձագանքեց Սաֆարյանը: Պատգամավորի կարծիքով՝ նման տեղեկությունները հատուկ են դրվում շրջանառության մեջ, քանի որ կուսակցության շարքերում վերջին ամիսներին համալրումներ կան: «Մենք մեր ամենաօրյա աշխատանքով՝ Արգիճի գետի խնդիր կլինի, թե «Վիշապի կոթողների» հետ կապված խնդիր, ցույց ենք տալիս, որ մեր կուսակցությունը մարդկանց սեղանին հաջողություն դնող քաղաքական ուժ է:
«Ժառանգության» դափնիները ոմանց հանգիստ չեն տալիս: եւ նրանք էլ ստիպված հրապարակ են նետում նման ստահոդ հորինվածքներ»,- ասաց նա:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակման՝ 4 օր առաջ Սաֆարյանը Երեւան-Աշտարակ մայրուղու «Շիրակ» ռեստորանում հանդիպել է Հեղինե Բիշարյանին եւ Արծրունի Աղաջանյանին: Սաֆարյանին առաջարկել են անդամակցել ՕԵԿ-ին՝ խոստանալով 2012 թվականից հետո կամ խմբակցության քարտուղարի, կամ որեւէ նախարարական աթոռ:




























