Նոյեմբերի 25-28-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդաժողովը, որին մասնակցել են պատվիրակություններ կառույցի անդամ երկրներից:
Հայկական պատվիրակության անդամ Արման Վարդանյանը NEWS.am-ին հայտնեց, որ խորհրդաժողովի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր՝ մարդու իրավունքներից մինչեւ թրաֆիկինգ: Խորհրդաժողվին մասնակցել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոն, Եվրոպայի մամուլի ազատության հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը:
Վարդանյանը նշեց, որ ադրբեջանական պատվիրակության անդամները հերթական անգամ առիթը փորձել են օգտագործել Ղարաբաղի հարցը վերհանելու եւ Հայաստանին ադրբեջանական հողերի զավթման մեջ մեղադրելու համար, սակայն արժանի հակահարված են ստացել:
Ադրբեջանցիները նաեւ գովել են իրենց պետական ինստիտուտները, ինչին ի պատասխան հայ պատվիրակները որպես օրինակ նշել են, թե Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն առանց պաշտպանության նախարարի թույլտվության իրավունք չունի մուտք գործել զորամասեր, իսկ այդ փաստն արդեն կասկածի տակ է դնում Ադրբեջանի հաստատությունների արդյունավետությունն ու անկախությունը:
«Հայկական պատվիրակությունը նաեւ մի ամբողջ շարք կարեւոր փաստաթղթեր է դրել շրջանառության մեջ, ինչպես նաեւ կուլիսներում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները մարդու իրավունքների, Ղարաբաղի հարցերում»,- ասաց Վարդանյանը:
Նշենք, որ դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալու է ԵԱՀԿ գագաթաժողովը, իսկ խորհրդաժողովը կազմակերպվել էր՝ երկրների եւ հասարակությունների վիճակն ու մոտեցումները գնահատելու համար:





























