ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներողություն է խնդրել Թուրքիային վերաբերող գաղտնի դիվանագիտական տեղեկությունների արտահոսքի համար:

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով Վաշինգտոնում հանդիպել է Քլինթոնի հետ:

Ինչպես հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը, թուրք նախարարը նշել է, որ Wikileaks-ի թղթապանակը հարվածում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Թուրքիայի շահերին, նաեւ այլ երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերություններին:

Դավութօղլուն ասել է, թե պետքարտուղարը «ափսոսանք է հայտնել եւ ներողություն խնդրել տեղի ունեցածի համար»: Նախարարի խոսքով, առաջացած թյուրիմացությունները վնաս չեն հասցնում Անկարայի եւ Վաշինգտոնի լավ հարաբերություններին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ըստ Wikileaks-ի հրապարակումների, Թուրքիայի որոշ պաշտոնյաներ, այդ թվում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան դիվանագետների կողմից վիրավորական որակումներ էին ստացել՝ իրենց անձնական որակների եւ քաղաքականության համար: