Ոչինչ չի կարող ազդել Թուրքիայի եւ Ադրբեջանի բարեկամության վրա: Մենք նույն ազգի տարբեր պետություններ ենք: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ մեկնաբանելով Wikileaks կայքի հրապարակումները:
«Կարծում եմ՝ հրապարակվածը որոշակի նպատակ է ունեցել: Այդ նամակագրությունը կարծիք է, որն արտացոլում է իրադարձությունները այն երկրներում, որտեղ աշխատում են ամերիկյան դիվանագետները, նաեւ առանձին անհատների անձնական կարծիք: Հնարավոր է՝ դրանց մի մասը ճիշտ է, մյուս մասը՝ ոչ»,- ասել է նա:
Գյուլի խոսքով, վարչապետ Էրդողանի մասին գրվածը չի կարող փչացնել հարաբերությունները:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, փաստաթղթերից մեկում գրված է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ զրույցում վիրավորական արտահայտություններ էր արել վարչապետ Էրդողանի եւ թուրքական քաղաքականության մասին:





























