Եթե կառավարությունը համոզված լիներ, որ Սեւանից ջրառի նախագիծը հակասահմանադրական է նախ այն չէր ծնվի եւ չէր գա խորհրդարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանի այն հայտարարությանը, որ Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խորանարդ մետր ջրառ թույլատրող նախագիծը հակասահմանադրական է: Արտակ Զեյլանյանը նախագծի քննարկման ժամանակ այդ մասին հայտարարեց եւ կոչ արեց պատգամավորներին աջակցել այն Սահմանադրական դատարանում վիճարկելու համար:
«Եթե կառավարությունը համոզված լիներ, որ այն հակասահմանադրական է նախ այդ նախագիծը չէր ծնվի եւ չէր գա խորհրդարան: Ես գործող կառավարության անդամ եմ: Արտակ Զեյնալյանի մասնագիտական ու մարդկային որակները չափազանց բարձր եմ գնահատում, համարում եմ, որ խմբակցության իրավունքն է, եթե գտնում են, որ այդպես է կարող են դիմել Սահմանադրական դատարան»,- ասել է Մինասյանը:
Դաշնակցական նախարարը վստահեցրել է, թե որեւէ մտահոգություն չունի, որ Սահմանադրական դատարանը եւս այն հակասահմանադրական ճանաչի:
Հիշեցնենք, որ օրենքի փոփոխությամբ Սեւանա լճի ջրառը ավելացավ եւս 100 միլիոն խմ-ով, ինչը բնապահպանները համարում են ռիսկային քանակ:





























