Կալիֆոռնիայում թեթև օդանավի վթարի հետևանքով զոհվել է իսրայելցի 46-ամյա դերասան և օդաչու Գայ Կապուլնիկը։ Նրա հետ միասին զոհվել է նաև 33-ամյա Թեյլոր Լասկան։ Այս մասին հայտնել է դերասանի ընտանիքը, գրում է The Times of Israel-ը։
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հարավային Կալիֆոռնիայի Հեսպերիա օդանավակայանի մոտակայքում։ Աղետի պատճառը պաշտոնապես անհայտ է։ Քննությունն իրականացնում են ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) և Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB):
Կապուլնիկը ծնվել և մեծացել է Իսրայելի Կարմեյ-Յոսեֆ մոշավում։ Նախքան դերասանական կարիերան սկսելը նա որպես սպա ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակի 669 էլիտար որոնողափրկարարական ստորաբաժանումում։
Նա ճարտարագիտություն է ուսանել Հայֆայի Տեխնիոն ինստիտուտում, ապա դերասանական արվեստ՝ Երուսաղեմի «Նիսան Նատիվ» ստուդիայում։
Կապուլնիկը նկարահանվել է իսրայելական մի շարք ֆիլմերում, այդ թվում՝ «Սենյակ 514», «Սալսա Թել Ավիվ», «Watch Over Me» և «Լիբանան» կինոնկարներում։ Վերջին տարիներին նա ապրում էր Լոս Անջելեսում, որտեղ դերասանական աշխատանքը համատեղում էր թռիչքային հրահանգչի մասնագիտության հետ։





























