Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն  այսօր՝ նոյեմբերի 30-ին ծանոթացել է Արարատյան դաշտավայրի արտեզյան հորերի վերազինման աշխատանքներին, որոնք իրականացվում են «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի  ծրագրերի շրջանակում:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետը մարզպետ Է. Բարսեղյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի ուղեկցությամբ եղել է Արարատի մարզի Դաշտավան եւ Սայաթ-Նովա համայնքներում, որտեղ արտեզյան հորերը զինվում են ջրաչափիչ սարքավորումներով եւ փականային համակարգերով:

Արարատյան դաշտավայրում իրականացվում է  44 արտեզյան հորի վերազինում, վթարային վիճակում գտնվող 5 հոր փակվելու է: Ներկայումս Արարատի եւ Արմավիրի մարզերում արդեն ավարտվել  են 24 հորի աշխատանքները: Սայաթ-Նովա համայնքում տեղակայված 5 արտեզյան հորից վերազինվել է 3-ը, մյուս 2-ը նախագծման ընթացքում են: Դաշտավան համայնքում 4 հորից ավարտվել են 3-ի աշխատանքները:

Փոխվարչապետը տեղում շփվել է նաեւ բնակչության հետ, որոնց հիմնականում մտահոգել է ջրամատակարարման խնդիրը: Նշվել է, որ նախորդ տարիների համեմատ այժմ խիստ նվազել են օգտագործվող ստորգետնյա ջրի ծավալները, ինչը խնդիրներ է առաջացնում ջրային համակարգի համար` բավարար ջրամատակարարում ապահովելու տեսանկյունից: Փոխվարչապետը մարզպետին եւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է  քննարկել բարձրացված հարցերը եւ լուծումներ առաջարկել հատկապես ոռոգման ջրի ապահովման առումով: