Այսօր` նոյեմբերի 30-ին Սինոփսիս Արմենիայում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի հաղթողների ակումբի անդամների հանդիպումը Հանրային խորհրդի եւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը համոզմունք է հայտնել, որ այսօրինակ մրցանակների հաղթողներն են մոտ ապագայում ձեւավորելու մեր երկրի տնտեսական, քաղաքական եւ մշակութային էլիտան:

Վ. Մանուկյանն իր հերթին նշել է. «Մենք հայություն թիմի անդամ ենք, ուստի պետք է ամեն ինչ անենք այս թիմի հաղթանակի համար: Իսկ մեր թիմի հպարտությունն ու ձեռքբերումները շատ բանով ձեզանից են կախված»:

Նշենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւը Սինոփսիս Արմենիայի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ իրականացվող մրցանակաբաշխություն է, որին մասնակցում են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի, ԵՊՀ-ին կից ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցի, ՀՊՃՀ Երեւանի հենակետային վարժարանի, «Քվանտ» վարժարանի, Երեւանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի եւ Վանաձորի «Էվրիկա» վարժարանի ուսանողներն ու աշակերտները: Մրցանակները շնորհվում են հետեւյալ անվանակարգերում. Գլխավոր մրցանակ, Լավագույն ասպիրանտ, Լավագույն մագիստրանտ, Լավագույն բակալավր, Լավագույն սփյուռքահայ ուսանող, Լավագույն ուսանողուհի, Լավագույն աշակերտ: Մրցանակաբաշխությունն իրականացվում է սկսած 2005 թվականից: Անցած վեց տարիների ընթացքում ՏՏ ոլորտի 158 լավագույն ուսանողներ եւ աշակերտներ արժանացել են այս պարգեւին: