Գյուղատնտեսության անկումը Հայաստանում հունվար-հոկտեմբերի դրությամբ կազմում է 16,7 տոկոս, իսկ արդյունաբերությունն աճել է 10 տոկոսով։ Նույնիսկ պետպաշտոնյաները գյուղատնտեսությունում վիճակը բնութագրում են որպես ճգնաժամային, եւ խոսում արդյունաբերական վերածննդի մասին։
Սակայն նույնիսկ ճգնաժամի մեջ հայտնված եւ երաշտներից ու անձրեւներից քրքրված գյուղատնտեսությունն ավելի մեծ արժեք է ստեղծում, քան «վերածնվող» արդյունաբերությունը։ Այսպես՝ ՀՆԱ կառուցվածքում գյուղատնտեսության մասնաբաժինը կազմում է 17,1 տոկոս՝ արդյունաբերության 15 տոկոսի համեմատ։
Նման աննորմալ համամասնությունով էլ բացատրվում է այն հանգամանքը, որ բնակլիմայական պայմանները մեծ ազդեցություն են թողնում Հայաստանի տնտեսական աճի դինամիկայի վրա, այնինչ մյուս պետություններում նման ազդեցություններ չեն նկատվում։ Օրինակ՝ Ռուսաստանում ավելի սաստիկ երաշտ էր, գյուղատնտեսության արտադրանքն էլ նվազել է մոտ 12 տոկոսով, սակայն դրա ազդեցությունը ՀՆԱ-ի վրա մեծ չէ (աճը՝ 3,6 տոկոս հունվար-հոկտեմբերին)։





























