Իրավաբան Ուլրիխ Վեբերը հուլիսի 18-ին ներկայացրել է Ռեգենսբուրգի Սուրբ Պետրոսի մայր տաճարին կից Regensburger Domspatzen արական հանրահայտ երգչախմբի անդամների նկատմամբ ֆիզիկական ու սեռական բռնությունների մասին իր երկու տարի տեւած հետաքննության արդյունքները։ Սկանդալի ծավալներն ավելի մեծ էին, քան մինչ այդ էր թվում, հայտնում է DW –ը։
Փաստաբանի տվյալներով, 1945-ից սկսած գրանցվել է բռնության 547 դեպք, 500 երեխա ենթարկվել է ծեծի, 67 տղա՝ սեռական ոտնձգությունների։ Ընդ որում Վեբերի խոսքով, երգչախմբի անդամները Regensburger Domspatzen-ին իրենց մասնակցությունը նկարագրում են, որպես «իրենց կյանքի վատագույն ժամանակաշրջան, որը կրում է վախի, բռնության ու անօգնականության հետքեր», իսկ երգչախումբն էլ անվանում են «բանտ, դժոխք ու համակենտրոնացման ճամբար»։ Բռնությունների դեպքերը հատկապես հաճախ են եղել երգչախմբի նախապատրաստական դպրոցում։
Երեխաների դեմ հանցագործությունների մեջ կասկածվում է ընդամենը 49 մարդ, նրանցից 9-ը կապ ունեն սեռական ոտնձգությունների հետ։ ՀԻմնական դեպքերը տեղի են ունեցել 1960-1970-ականներին, իսկ ծեծի դեպքերը գրանցվել են մինչեւ 1992-ը։
Մանկական երգչախմբում բռնության մասին առաջին տեղեկությունները լրատվամիջոցներ են արտահոսել 2010-ին։ Regensburger Domspatzen –ը ամենահին արական եկեղեցական երգչախմբերից մեկն է։ Դրա դպրոցը հիմնվել է 975 թ։ 1964-1994 թթ․ եկեղեցու կապելմեյսթեր է աշխատել Գեորգ Ռատցինգերը՝ Հռոմի պապ Բենեդիկտ 16-րդի հարազատ եղբայրը։ 2010-ին 86-ամյա նախկին նվագավարը հարցազրույցում ասել էր, որ պատկերացում անգամ չի ունեցել երգչախմբում բռնությունների դեպքերի մասին։




























