Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռուստատեսային ելույթում հայտարարել է կառավարությունում վերադասավորումների մասին. պաշտպանության եւ արդարադատության նախարարները զբաղեցրել են փոխվարչապետների պաշտոնները, 5 նոր նախարար է նշանակվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը եւ արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը փոխվարչապետներ են նշանակվել»,- հայտարարել է Յըլդըրըմը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Փոխվարչապետներ են նաեւ Մեհմեթ Շիմշեքը, Ռեջեփ Աքդաղը եւ Հաքան Չավուշօղլուն:

«Արդարություն եւ զարգացում» կուսակցության գլխավոր քարտուղար Աբդուլհամիդ Գյուլը զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը, իսկ պաշտպանության նախարար է դարձել Նուրեթթին Ջանիքլին, որը մինչ այդ զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը:

Յըլդըրըմը կառավարության թարմացումն անվանել է «արյունը փոխել». «Մեր 15 գործընկերները իրենց պաշտոններում են մնացել, 5-ը միացել են մեր կառավարությանը, 6 գործընկերներ կառավարությունում պաշտոնների փոխանակում են կատարել»: