ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը չի կիսում այն կարծիքը, որ Wikileaks կայքում հրապարակված ԱՄՆ արտաքին քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերի հրապարակումը հենց ԱՄՆ-ի կողմից է կատարվել: «Այդ փաստաթղթերի հրապարակումը նաեւ ԱՄՆ շահերի դեմ քայլ է, որովհետեւ իրենք այնպիսի իրավիճակում հայտնվեցին, որ PR-ի համար այդքան թանկ գին չէին վճարի»,-հայտարարեց Մանոյանը:
Նա նշեց, որ շուրջ 250 հազար փաստաթղթերից ընդամենը մի քանի հարյուրն է հրապարակվել, որոնց մեջ շատ են Հայաստանին վերաբերող փաստաթղթերը: «Եթե Երեւանում ԱՄՆ դեսպանատնից դուրս եկած փաստաթղթերը հրապարակվեն, դա կարող է ինչ-որ բաներ պարզել: 1700-ից ավելի փաստաթուղթ կա, որոնցից ընդամենը 400-ն է հրապարակվել: Այդ փաստաթղթերում կարծում եմ հետաքրքիր նյութեր կլինեն եւ մենք շատ բաներ ավելի ճիշտ կպատկերացնենք»,-ասաց Մանոյանը: Ըստ նրա՝ հրապարակված փաստաթղթերում մեծ սենսացիաներ չկան, եւ դրանք տեղեկություններ են, որոնց մասին, այսպես, թե այնպես, կարելի էր ենթադրել: Օրինակ, թե ինչ է մտածում Իրանի մասին ԱՄՆ-ը:





























