Ցանկալի չէ, որ կրթության ոլորտի բյուջեն կրճատվի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նշենք, որ  կառավարության 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով ՀՆԱ–ից կրթության ոլորտին հատկացվող մասնաբաժինը նվազեցվելու է: Եթե այս տարի ֆինանսավորումը կազմում էր 2.34%, ապա 2018-ին այն կլինի 2.18%, 2019-ին՝ 1.99%, իսկ 2020 թվականին՝ 1.85%։

«Կառավարության հիմնավորումները պիտի տեսնենք, քննարկենք հարցը, պետք է կրճատումները արդարացված լինեն, այս ընթացքում հնարավորություն չի եղել մանրամասն ուսումնասիրելու հարցը»,–ասել է Վահրամ Բաղդասարյանը։

Իշխանության ներկայացուցիչը շեշտել է, որ թեեւ ցանկալի չէ կրթության ոլորտի բյուջեն կրճատել, բայց հնարավոր է՝ դրա շարժառիթը եղել է այն, որ մինչեւ հիմա նպատակային ծախսեր չեն եղել։

«Հիմա դժվար է դիրքորոշում հայտնել այդ կապակցությամբ, քանի որ հիմնավորումները կառավարության ներկայացուցիչներից չենք լսել, բայց,  բնականաբար ցանկալի չէ, որ կրթության ոլորտի բյուջեն կրճատվի։  Գուցե այդ ծախսերը նպատակային չեն եղել  մինչեւ հիմա, այդ պատճառով էլ կրճատումների կարիք կա, բայց այս պահին կրկնում եմ՝ դժվար է հստակ ու մանրամասն խոսել դրա մասին, մինչեւ  Ազգային ժողովում չլսենք  մանրամասները»,–ասել է Վահրամ Բաղդասարյանը։