Ակնհայտ է, որ ռուս-վրացական հնգօրյա պատերազմի օրերին պաշտոնական Երեւանը փորձում էր թույլ չտալ որեւէ բացասական գործընթաց Ջավախքում: Հետագայում այդ փաստը ամենաբարձր մակարդակով բազմիցս նշել է նաեւ վրացական կողմը: NEWS.am-ի հետ զրույցում այդ մասին ասել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերը: Դրանցից մեկում ամերիկացի դիվանագետները նկարագրում են ռուս-վրացական պատերազմի օրերին Հայաստանում եղած իրավիճակը:
Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի նամակում նշվել էր, որ Վրաստանի հետ կապ հաստատելու Հայաստանի իշխանությունների ջանքերն անարձագանք թողնելու Թբիլիսիի դիրքորոշումը նյարդայնացնում է Երեւանին: Մինասյանի կարծիքով, պետք է հասկանալ, որ օգոստոսի 13-ի դրությամբ, Վրաստանը վերջնականապես կորցրել էր իր երկու տարածքները, իսկ Վրաստանը կիսվել էր երկու մասի: Երկիրը կոլապսի մեջ էր, կառավարումը չէր իրականացվում: Եվ այդ պայմաններում բնական է, որ Վրաստանի նախագահը եւ արտգործնախարարը չեն պատասխանել Երեւանի զանգերին, քանի որ Սահակաշվիլին չէր պատասխանում նույնիսկ իր աշխատակզմի զանգերին:
Քաղաքագետի կարծիքով, պետք է հաշվի առնել, որ Սահակաշվիլին ֆիզիկապես ի վիճակի չէր արձագանքել հայական կողմի զանգերին:
Սակայն ռազմական գործողություններից հետո, 2008թ. սեպտեմբերին վրացական կողմը սթափ գնահատեց Հայաստանի դերը:
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստանի հարեւար երկրներից առաջին նախագահն էր, որը պաշտոնական այցով եղավ Թբիլիսիում: Սարգսյանը պաշտոնական հանդիպման ժամանակ պարգեւատրվեց նախագահական շքանշանով, ինչը պաշտոնական Երեւանի դիրքորոշումը գնահատելու որոշակի ցուցանիշ է», - կարծում է Մինասյանը:




























