Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի դիմելուց հետո Աբու Դաբիի դատարանը փակել է ռուսաստանցի ռեժիսոր Արիկ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը հուլիսին ԱՄԷ-ում ձերբակալվել էր անօդաչուով ապօրինի նկարահանում կատարելու համար: Այս մասին հայտնում է Չեչնիայի նախագահի պաշտոնական կայքը:

Մանուկյանը դրոնով հարսանիք էր նկարահանել ԱՄԷ-ի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրի՝ շեյխ Զայեդի մեծ մզկիթի մոտ: Նկարահանումը համաձայնեցված չէր, իսկ ԱՄԷ-ում անհրաժեշտ է թույլտվություն ստանալ դրոնով նկարահանելու համար:

«Ռուսաստանցի ռեժիսոր Արիկ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը փակված է: Նման որոշում է կայացրել Աբու Դաբիի դատարանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Քադիրովը դիմել է ԱՄԷ-ի ղեկավարությանը, որի հետ «ջերմ եղբայրական հարաբերություններ» ունի, որին ի պատասխան Աբու Դաբիի իշխանությունները բարի կամք են դրսեւորել: Առաջիկա օրերին, իրվաբանական բոլոր ձեւականություններն ավարտելուց հետո, Մանուկյանը կկարողանա տուն վերադառնալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: