2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բելգիա խաղում Հայաստանի հավաքականը վերջապես հաղթանակ տոնեց մրցակցի նկատմամբ, հաղթելով նրանց 2-1 հաշվով: Առաջին խաղակեսից հետո Հայաստանի ընտրանին առջևում էր 1-0 հաշվով: Գոլի հեղինակ էր դարձել Հովհաննես Գոհարյանը: Երկրորդ խաղակեսի 49-րդ րոպեին աչքի ընկավ Սարգիս Հովսեփյանը` հաշիվը դարձնելով 2-0: Իսկ արդեն ավելացված ժամանակում բելգիացի Վան Բույտենը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը:

Հիշեցնենք, որ ընտրական փուլի նախորդ 7 խաղերից 6-ում Հայաստանը զիջել է մրցակիցներին, իսկ մեկ հանդիպում ավարտվել ոչ-ոքի:

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ Վերկաուտերեն կրած պարտությունից հետո ասել է. «Նախ շնորհավորում եմ Հայաստանին և նրա մարզչին, քանի որ հայկական թիմը վաստակեց այս հաղթանակը: Այսօր մենք դաս ստացանք, թե ինչպես կարելի է հաղթել՝ ունենալով կամք: Մրցակիցը կարողացավ հաղթել՝ ունենալով ոչ շատ լավ խաղացողներ, բայց կամք ցուցաբերեց և հասավ իր նպատակին: Ես կարող եմ ասել, որ իմ աշխատանքը շուտով ավարտվելու է հավաքականում: Ես միայն հինգ խաղերի համար էի անցել աշխատանքի և հունվարից այլ մասնագետ է գլխավորելու Բելգիայի հավաքականը: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականը գլխավորելու տարբերակին, ապա Դուք արդեն ունեք լավ մարզիչ: Սա Բելգիայի հավաքականի մակարդակը չէր: Մենք կարող էինք ավելի լավ խաղալ: Մենք վատ խաղացինք նաև Բոսնիայի և Իսպանիայի հետ խաղերում: Պետք է հաշվի առնել նաև այն, որ մեր կազմում կային բացակա խաղացողներ: Բելգիան պոտենցիալ ունի և կարող է ավելի լավ արդյունքների հասնել»: