Այսօր` դեկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Վահե Ռուբիկի Ղուկասյանը վարելով «Տոյոտա Պրադո» մակնիշի 505 PՍ 05 համարանիշի ավտոմեքենան, Ձաղկաձորում «Ոսկու աշխարհ» համալիրի մոտ բախվել է բետոնե արգելապատնեշին, որի հետեւանքով նա եւ ուղեւոր` նույնպես Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մարկոս Գեւորգի Մարկոսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի քաղաքային հիվանդանոց:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Վարորդն ու ուղեւորն աշխատում են «Սարանիստ» ՍՊԸ-ում: Դեպքի վայրում ականատեսները հայտնել են որ նրանք ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի («Շշի Մելո») թիկնապահներն են: Մասնավորապես, Մարկոս Մարկոսյանը պատգամավորի անվտանգության ծառայության պետն է:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի