Հայաստանի խորհրդարանն ընդունել է 2011թ. պետական բյուջեն: Փաստաթղթի օգտին կողմ են քվեարկել ԱԺ 80 պատգամավորներ, դեմ՝ 14-ը, երկուսը՝ ձեռնպահ են մնացել:
Ներկայացնելով փաստաթղթի վերջնական տարբերակը՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է, թե նախագիծը համապատասխանում է Հայաստանի տնտեսական իրավիճակին: Նա համաձայնել է ընդդիմադիր պատգամավորների այն կարծիքին թե կան բազում չլուծված խնդիրներ: «Սակայն առաջընթացը սարերի հետեւում չէ»,- ասել է վարչապետը:
Սարգսյանը նկատել է, որ կառավարությունը հետուղական կլինի հարկային բեռի հավասար բաշխման, գործարար միջավայրի բարելավման, ստվերային տնտեսության կրճատման հարցում: Նա, միաժամանակ, համաձայնել է, որ փաստաթուղթը լուրջ ռիսկեր է պարունակում՝ հավաստիացնելով, որ կառավարությունը կձեռնարկի բոլոր միջոցները դրանք կրճատելու ուղղությամբ:
Նշենք, որ փաստաթղթին դեմ են քվեարկել «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունները:
Բյուջեի վերջնական տարբերակի եկամտային մասը կազմում է 852 միլիարդ դրամ, իսկ ծախսային մասը` 1 տրիլիոն 1 միլիարդ դրամ:




























