Վերջին տարիների ընթացքում, երբ ձեւավորվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, Հայաստանում մարդու իրավունքների պաշտանության ոլորտում դրական տեղաշարժեր են նկատվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը:

«Ես ուզում եմ արձանագրել, որ Մարդու իրավունքների պաշտպանի 2009 թվականի տարեկան զեկույցում ներկայացված է այն օբյեկտիվ վիճակը, որը կա մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ»,-նշեց Սաֆարյանը՝ միաժամանակ հավելելով, որ քննարկվում է ՄԻՊ ինստիտուտի կատարելագործման հարցը, «մասնավորապես՝ մարզերում այդ ինտիտուտի ներկայության, որոշ ոլորտներում ՄԻՊ-ի ինստիտուտի գործունեության բարելավման հարցը, ինչը կարող է էականորեն բարձրացնել մարդկանց պաշտպանվածությունը»,-նկատեց ԲՀԿ ներկայացուցիչը: Ինչ վերաբերում է իր ղեկավարած՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեութանը, Սաֆարյանը նշեց, որ Հանաձնաժողովը մի շարք առաջարկություններ է ներկայացրել մարդու իրավունքներին ոլորտին առնչվող օրենսդրության կարգավորման ուղղությամբ: «Մեր հանձնաժողովը շատ լավ համագործակցում է ՄԻՊ-ի հետ եւ դրա արդյունք են ԱԺ-ում անցկացված վերջին երկու լսումները: Գնալով բարելավվում է նաեւ մեր համագործակցությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ մեզ համար այդ վստահությունը շատ թանկ է»,-ասաց նա: Սաֆարյանը միաժամանակ ընդգծեց, որ մարդու իրավունքների ոլորտում կան մի շարք խնդիրներ, որոնց ուղղությամբ պետությունը լուրջ անելիք ունի:

NEWS.am-ը նկատեց, որ Մարդու իրավունքների միջազգային օրը Հայաստանը նշում  է քաղբանտարկյալների առկայությամբ, ինչին ի պատասխան NEWS.am-ի զրուցակիցը նկատեց. «Մարտի 1-ի գործով դատապարտված մարդկանց ազատ արձակումը խոսում է այն մասին, որ մեր իշխանությունները բարի կամք ունեն՝ խնդիը իրավական դաշտում լուծելու: Իսկ իրավական դաշտը միակ դաշտն է եւ օրինական ճանապարհը: Հույս ունեմ, որ այս գործընթացները շարունակվելու են»,-նշեց պատգամավորը՝ կարեւորելով քաղաքացիական համերաշխության, քաղաքական երկխոսության հարցը: