Հայաստանի արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը քաղաքական դաշտի հազվագյուտ արհեստավարժներից եւ հարգարժան մարդկանցից է: Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով Դանիելյանի պաշտոնանկությունը:

«Դանիելյանի պաշտոնանկության մասին որոշումն այն մարդկանց խղճին է, ովքեր կայացրել են այն»,- նկատել է նա՝ հավելելով, որ Դանիելյանը միշտ էլ պահանջված մասնագետ է եղել: Մինասյանը նշել է, թե կասկած չկա, որ Հայաստանի կառավարությունը ձախողվել է իր եւ ոչ միայն նախընտրական ծրագրերի իրականացման գործում: «Եվ դրա մեղքը պետք չէ բարդել Գեւորգ Դանիելյանի վրա»,- նկատել է Մինասյանը:

Իր հերթին ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հայտարարել է, որ նախարարի պաշտոնում երեք տարվա ընթացքում Գեւորգ Դանիելյանը բացառապես հարգարժան մարդու եւ բարձր արհեստավարժի տպավորություն է  թողել: « Այս երկրում կա նման մարդկանց, արհեստավարժների եւ նման փոխհարաբերությունների անհրաժեշտություն»,- ասել է նա:

Նշենք, որ Գեւորգ Դանիելյանը պաշտոնանկ է արվել նախարարի պաշտոնից նախօրեին: Վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական մեկնաբանությամբ, Դանիելյանը չէր պատժել «էթիկայի նորմերի մեջ» թերացած Մհրան Պողոսյանին՝ ԴԱՀԿ պետին:

Ներկայումս քննարկվում է երկու հնարավոր թեկնածություն՝ Սերժ Սարգսյանի խորհրդական Գեւորգ Կոստանյանի եւ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի անունները: