Հայաստանում չպետք է մարդիկ լինեն, որոնք իրենց օրենքից վեր դասեն, եւ Հայաստանի նախագահն իր գորոծղություններով ապացուցեց դա: Այդ մասին Ազգային Ժողովում  կայացած ճեպազրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով վերջին հրաժարականները:

Նա նշել է, որ պաշտոնյա անձանց ոչ պատշաճ վարքը պետք է միշտ պատժվի: «Եթե նման բան լինի նաեւ ապագայում, այդ պաշտոնյաները պետք է պատժվեն, ինչպես դա եղավ այս մի քանի օրը: Իսկ եթե նման բաներ եղել են անցյալում, «ոչ պատշաճ» պաշտոնյաները պետք համապատասխան գնահատականի արժանան»,- ասել է Զոհրաբյանը: Նա նշել է, որ արդարացան հանրության հույսերը օրինախախտ պաշտոնյաներին պատժելու ուղղությամբ: «Եւ դա շատ կարեւոր է»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Անդրադառնալով արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությանը, որի պատճառ նշվում է, թե նա չի արձագանքել Միհրան Պողոսյանի ոճ պատշաճ արարքին, Զոհրաբյանն ասել է, որ պետք է պատժվեն անմիջական մասնակիցները:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարականի դիմում ներկայացրեց Հայաստանի նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակցին ծեծի ենթարկելու սկանդալային միջադեպից հետո:

Հաջորդ օրը եւս մեկ աղմկոտ պաշտոնանկություն գրանցվեց, աշխատանքից հեռացվեց նախարար Գեւորգ Դանիելյանը, ով ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, չեր պատժել «Էթիկայի նորմերի խախտում» թույլ տված ԴԱՀԿԾ պետ Միհրան Պողոսյանին: