Ռուսաստանն աֆրիկյան երկրների՝ ավելի քան 20 մլրդ դոլարի պարտքը չեղարկել է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեի հետ Նովո-Օգարյովի նստավայրում կայացած հանդիպումից հետո, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Մեծ պարտք ունեցող աղքատ երկրներին օգնություն տրամադրելու նախաձեռնության շրջանակներում աֆրիկյան երկրների՝ ավելի քան 20 մլրդ դոլարի պարտքը չեղյալ ենք համարել», - ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն անցյալ տարի Պարենային համաշխարհային կազմակերպության միջոցով 5 մլն դոլար է տրամադրել աֆրիկյան երկրներին աջակցելու համար:
Ավելի վաղ վարկային համաներման էին արժանացել նաեւ Վիետնամը, Հյուսիսային Կորեան, Կուբան եւ Իրաքը: Ընդհանուր առմամբ, Մոսկվան վերջին 20 տարիների ընթացքում 140 միլիարդ դոլարի պարտք է չեղյալ համարել:


























