ՀՀ ԱԻՆ աշխատակազմի Փրկարար ծառայությունը պետք է մշակի «Համայնքի աղետների ռիսկի կառավարման» ծրագիր: Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ընդլայնված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվեց ՀՀ կառավարության կողմից հաստատված «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման» ծրագրի շրջանակում մշակված «Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում» կիրառական ուղեցույցը: Վերջինիս հիման վրա ՀՀ ԱԻՆ աշխատակազմի Փրկարար ծառայությունը պետք է մշակի «Համայնքի աղետների ռիսկի կառավարման» ծրագիր, որով նախատեսված է իրականացնել համայնքի վտանգների (սողանքներ, ջրային գոտիներ, քարաթափումներ, սեյսմիկ ռիսկեր, քաղաքացիական պաշտպանության խնդիրներ), խոցելիության եւ կարողությունների բացահայտում: Ծրագիրը թույլ կտա յուրաքանչյուր համայնքի համար ստեղծել աղետների ռիսկերի իր անձնագիրը, ինչպես նաեւ՝ թվայնացնել այդ տվյալները եւ հավաքագրել տվյալների մեկ ընդհանուր շտեմարանում, որում ներառված կլինեն նաեւ տարբեր ռիսկայնություն ունեցող տեղանքների քարտեզները:
ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումներին տրված մի շարք հանձնարարականների եւ նկատառումների շարքում նախարար Տոնոյանը կարեւորեց վերոնշյալ ծրագրերի ներառումը «Մարզի զարգացման 2017-2025թթ.-ների ռազմավարության» եւ «Համայնքի զարգացման 2017-2022թթ.-ների ռազմավարություն» ծրագրերում:
«Շատ կարեւոր է՝ մեկ անգամ եւս համայնքի ուշադրությունը սեւեռել սեփական կարողություններին, դրանց մոբիլիզացման եւ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված սեփական միջոցների արդյունավետ օգտագործմանը: Յուրաքանչյուր համայնք պետք է ապահովված լինի աղետներին դիմակայելու ծրագրով»,- ընդգծեց Դավիթ Տոնոյանը: Նախարարը հավելեց, որ ՀՀ ԱԻՆ մարզային ստորաբաժանումների համապատասխան փարձագետներից կազմված խմբերը պետք է օժանդակեն համայնքներին տեղական մակարդակում աղետների ռիսկի ճիշտ գնահատմանն ու համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացման գործընթացին:


























