Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղեկալ Տ. Մարգարյանի 2010թ. դեկտեմբերի 9-ի որոշմամբ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 11:00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիստ: Օրակարգում մեկ հարց է՝ սահմանել Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամկետը:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Երեւանի պոտենցիալ քաղաքապետերի ցուցակում քննարկվում է քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցութան ղեկավար Դերենիկ Դումանյանի եւ ավագանու ՀՀԿ խմբակցության ցուցակի 5-րդ տեղը զբաղեցնող «ՀայՌուսգազարդի» հայկական մասնաճյուղի տնօրեն Կարեն Կարապետյանի անունները:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ո՞վ է քաղաքապետի ամենահավանական թեկնածուն, Դ.Դումանյանը պատասխանել էր. «Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը բաղկացած է 35 հոգուց: Եւս 17 մարդ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչներն են, 13-ը՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության, որը չի ստանձնել ավագանու մանդատները: Եվ քանի որ 35 հոգու մեջ են մարդիկ իրենց ընտրությունը կայացնելու, հնարավոր է, որ այդ 35-ից յուրաքանչյուրի թեկնածությունն էլ քննարկվի»:
Հավելենք, որ ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ «ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու, իսկ եթե վերջինս հրաժարվում է կամ չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու եւ համապատասխանում է քաղաքապետին առաջադրվող պահանջներին»:





























