Հոգեբանների հավաստմամբ, ինքնասպանության փորձ կատարած անձանց մոտ 50 տոկոսը գործազուրկներ են, որոնք այդ քայլին դիմում են ճարահատյալ՝ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից դրդված:

Ծայրահեղ այս քայլին դիմողների մյուս խումբը կազմում են կենսաթոշակառուները՝ շուրջ 19,9 տոկոս։ Դրդապատճառը կրկին նույնն է:

Հայտնի է, որ վիճակագրական տվյալներով, Հայաստանում ինքնասպան է լինում օրական 1 հոգի, ինչը տարեկան կազմում է ավելի քան 300 մարդ:

Ի տարբերություն  2009 թվականի հունվար-հունիս ամիսների, որոնց ընթացքում Հայաստանում ինքնասպանություն  է գործել 105 մարդ, 2010-ի առաջին կիսամյակում նման քայլին դիմել է 138 հոգի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման թվեր ներկայացրեցին Ազգային վիճակագրական  ծառայությունից։

Հատկանշական է, որ ինքնասպանություն գործում են ավելի շատ հյուսիսային, քան հարավային երկրներում՝ ընդ որում, ինքնասպանությունների ավելի մեծ թիվ են կազմում քաղաքներում, քան գյուղական համայքներում, ընդ որում՝ ինքնասպանություն կարող են կատարել նաեւ հոգեպես կատարյալ առողջ մարդիկ՝ պահի ազդեցության տակ կամ հոգեկան կարճատեւ խանգարման վիճակում:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ կանայք տղամարդկանցից 4 անգամ ավելի քիչ են ինքնասպանության փորձ անում, սակայն ավելի հաճախ են մտածում այդ քայլի մասին։ Ինքնասպանություն ամենից հաճախ գործում են 35-60 տարեկան անձինք։ Բայց եթե ինքնասպանության փորձը հնարավոր է լինում կանխել, ապա նման քայլի դիմած 4 անձից 3-ը երբեք նման ցանկություն չի ունենում: