Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ եզրակացության ամբողջական տեքստը։

Փաստաթղթի  համաձայն՝ Հայաստանի դատական օրենսգրքի նախագիծն իրականացնում է դրական փոփոխություններ՝ եվրոպական չափանիշներին եւ լավագույն եվրոպական պրակտիկային համապատասխան՝ չհաշված մի քանի բացառություն։

Վենետիկի հանձնաժողովից հայտնում են, որ այն շատ ծավալուն, մանրամասն եւ բարդ փաստաթուղթ է եւ, անկասկած, որոշ պարզեցումներից միայն կշահի։

Հանձնաժողովի փորձագետները մի քանի հանձնարարական են ներկայացրել, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի բոլոր պալատների ընդհանուր նիստերի մասին, որոնց նպատակն է համաձայնեցնել տարբեր պալատների նախադեպային իրավունքը եւ լուծել ենթադատության հնարավոր վեճերը։

Դատավորի վարքագծի կանոններն ու պարտականությունները պետք է ավելի հստակ ձեւակերպվեն, ցանկալի է՝ վարքագծի կոնկրետ տիպերին հղումով։ Դատավորների անհարիր քաղաքական մասնակցության համար պետք է պատասխանատվություն սահմանվի կարգապահական վարույթի շրջանակում եւ պետք է կանոնակարգվի համամասնության սկզբունքով։

Փորձագետները խորհուրդ են տալիս, որ օրենսգրքի նախագիծը հնարավորություն սահմանի կարգապահական հարցերի լուծման համար։ «Դատական դեպարտամենտը կարող է կենտրոնական մարմին մնալ, որը կատարում է վարչական աջակցության գործառույթները դատավորների նկատմամբ այն պայմանով, որ դրա ղեկավարը նշանակվում է բարձրագույն դատական խորհրդի կողմից եւ պատասխանատու է դրա առաջ»,– ասած է փաստաթղթում։