Ազգային Ժողովի դեկտեմբերի 13-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերից է «Ստուգումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։
Դրանով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ստուգումներ կատարելու լրացուցիչ լիազորություններ է ստանում։
Մասնավորապես՝ ՏՄՊՊՀ-ն նույնպես կարող է հսկիչ գնումներ կատարել։
Սակայն Հանձնաժողովին իրավունք չի տրվել ստուգումներ իրականացնել բանկերում ու այլ ֆինանսական կազմակերպություններում։ Օրենքի նախագծով սահմանվել է, որ ՏՄՊՊՀ-ն պետք է դիմի Կենտրոնական բանկին՝ միջնորդությամբ, որն էլ կիրականացնի ստուգումն ու արդյունքները կփոխանցի ՏՄՊՊՀ-ին։ Հատուկ նշված է, որ բանկային գաղտնիքներ չեն կարող փոխանցվել։ Հատկանշական է, որ նույնիսկ բանկերի նկատմամբ տուգանքներ նշանակելիս՝ ՏՄՊՊՀ-ն պետք է խորհրդակցի ԿԲ-ի հետ։ Ինչպես երեւում է՝ Հանձնաժողովի ուժը ԿԲ-ի վրա չի պատել։
Իսկ ահա իրական հատվածի ներկայացուցիչները հաջորդ տարվանից ողջ ուժով կարող են զգալ ՏՄՊՊՀ ստուգիչ գործառույթների ազդեցությունը։ ՏՄՊՊՀ ներկայացուցիչները իրավունք կստանան տնտեսվարող սուբյեկտից վերցնել տեսագրություններ, ձայնագրություններ, էլեկտրոնային կրիչներ, անարգել մուտք գործել տնտեսվարող սուբյեկտին պատկանող շենք կամ հողատարածք, կապարակնքել ցանկացած շենք կամ փաստաթուղթ։
Սամվել Ավագյան





























