Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը կալանավորման որոշում է կայացրել 17-ամյա Էդգար Շախիկյանի նկատմամբ: Է.Շախիկյանը ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնի կողմից կասկածվում էր դեկտեմբերի 9-ին Չարենցի փողոցում տեղի ունեցած «ուսանողական ռազբորկային» մասնակցելու մեջ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 9-ին, ժամը 19-ի սահմաններում «Էրիկ» մականունով Էդգար Շախիկյանն իր ընկերների հետ վիճաբանության մեջ էր մտել Երեւանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող 19-ամյա Վահագն Գրիգորյանի եւ նրա ընկերների հետ Վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով Վահագն Գիգորյանը (մականունը՝ Ֆաֆուլիկ) աջ ոտքի ազդրի մասում ստացել է հրազենային վնասվածք:
Կրակոցների հետեւանքով վնասվել է կռվի մասնակիցներից մեկին պատկանող «Պորշե-կայեն» մակնիշի 05 OL 500 համարանիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են կրակոցի հետեւանքով առաջացած 7 անցք:
NEWS.am-ի տեղեկություններով, վիճաբանության պատճառը եղել է ԵՊՀ ուսանողուհիներից մեկին Էրիկի կողմից ուղարկված վարդը: Պարզվել է, որ կրակոցներն իր մոտե ղած «մակարով» տիպի ատրճանակից արձակել էր Էդգար Շախիկյանը: Վիրավորվել էին նաեւ կռվի մասնակից այլ երիտասարդներ, որոնց տեղափոխել էին հիվանդանոց:
Է. Շախիկյանին ու Գ. Աղաբեկյանին ձերբակալել եւ տեղափոխել էին Երեւանի ձերբակալվածների պահման վայր:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























