Հայաստանը պարտավոր է անընդհատ թարմացնել իր սպառազինությունը եւ այդտեղ ոչ մի արտառոց բան չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 11-ին հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստին, որի ընթացքում քնարկվել է նորագույն սպառազինության ձեռքբերման հարցը: Նիստից հետո շատերը շտապեցին հայտարարել, որ ՀՀ-ն այսպիսով ազադարարում է պատերազմին նախապատրաստվելու մասին:

«Ազգային անվտանգության խորհուրդը պատասխանատու է մեր երկրի անվտանգության համար: Գիտեք, որ Հայաստան-Ռուսաստան համապատասխան պայմանագրում կետ կա, համաձայն որի ռուսաստանյան զինված ուժերը պետք է օժտեն ՀՀ զինված ուժերին այն բոլոր սպառազինություններով, որոնք իրենք ունեն: Այնպես որ, ես ոչ մի արտառոց բան չեմ տեսնում նիստում քննարկված հարցերի վերաբերյալ, քանի որ այդ բոլոր գործողությունները կատարվելու են Հ զինված ուժերն արդիականացնելու համատեքստում»:  

Հրայր Կարապետյանը հավելեց նաեւ, որ ՀՀ զինված ուժերի արդիականացման խնդիրն առկա է նաեւ ՀՀ ռազմական եւ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դոկտրիններում: «Տագնապել պետք չէ, քանի որ սա մշտական խնդիր է, ինչով պետք է զբաղվեն երկրի անվտանգության երաշխավոր հանդիսացող համապատասխան մարմինները»,-նշեց պատգամավորը:  

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը հրավիրել է Հայաստանի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ քննարկվել եւ հավանության է արժանացել «ՀՀ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի 2011-2015թթ. զարգացման պետական ծրագիրը»: Ծրագիրն ուղղված է ՀՀ անվտանգության ռազմական սպառնալիքների չեզոքացման համար անհրաժեշտ միջոցների ապահովմանը: Նիստում նշվել է, որ նորագույն սպառազինության ձեռքբերման արդյունքում զգալիորեն կբարձրացվի ՀՀ զինված ուժերի մարտունակությունը, ծրագրի իրականացումը կընդլայնի նաեւ ՀՀ ռազմական անվտանգությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: