Վերջերս Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC) սոցհարցումներ է արել Սյունիքի մարզում: Հարցում կատարող երիտասարդները Գորիսից վերադառնալիս ավտովթարի են ենթարկվել, գրում է «Հրապարակ»-ը: Նրանց միկրոավտոբուսին հարվածել է «Մերսեդեսը», որի ղեկին եղել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին: Իսկ մեքենան եղել է մարզպետի եղբոր որդունը: «Հրապարակ»-ի տեղեկություններով, այդ օրը` դեկտեմբերի 5-ին, ողջ Սյունիքը նշելիս է եղել մարզի թիվ մեկ մամայի` Լիսկայի մոր ծնունդը, Գորիսում լավ կերուխում է եղել, եւ վարորդը` Խաչատրյանի տղան, հարբած է եղել:
Վթարված IPSC կազմակերպության սոցիոլոգներից մի տղա շատ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են եւ փայծաղը հեռացրել: Երբ վթարվածների հարազատներն աղմկել են, վարչապետ Տիգրան Սարգսյանը IPSC-ի տնօրենին հավաստիացրել է, որ շուխուռ չի լինելու, տեղեկացնելով, որ IPSC-ը, որպես կանոն, վարչապետ Տիգրան Սարգսյանի իջեցրած պատվերներն է կատարում: Վթարից առավելապես տուժած ընտանիքին առաջարկել են մեծ գումար, որ չբողոքեն: Մյուս տուժողների` երկու աղջիկների վնասվածքները մեծ չեն, եւ նրանք աղմուկ չեն բարձրացրել:
«Երբ փորձում էինք այս տեղեկութունը ճշտել, պարզեցինք, որ Սյունիքում այնպիսի ահուսարսափի մթնոլորտ է տիրում, որ բոլորը վախենում են խոսել: IPSC ընկերության տնօրեն Հովհաննես Գրիգորյանը, որին Ջոնի են ասում, սկզբում մեր լրագրողին խնդրեց 15 րոպեից զանգել, ապա, հավանաբար ինչ-որ տեղից հրահանգ ստանալով, հայտարարեց, որ մեզ ասելիք չունի, քանի որ մենք «սխալ բաներ ենք գրում»»,-գրում է օրաթերթը:




























