Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչը միջնորդել էր Երեւանի կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, որպեսզի 2 ամսվա կալանքի որոշում կայացվի Երեւանի Գուրգեն Մահարի 89 տան բնակիչ, 41-ամյա Արմեն Արկադիի Ղարիբյանին եւ Երեւանի Տիգրան Մեծի 59 շենքի 19 բնակարանի բնակիչ 37-ամյա Իսահակ Կարոյի Ազատյանի նկատմամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 10-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ աշխատանքների արդյունքում Ե. Քոչարի փողոցից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել նշված անձանց: Ոստիկանների կասկածներն ավելի են հիմնավորվել, երբ կասկածյալները փորձել են փախուստի դիմել: Արմեն Ղարիբյանի եւ Իսահակ Ազատյանի մոտ ոստիկանները հայտնաբերել են առարկաներ, որոնք նրանք օգտագործել են բնակարաններ ներթափանցելու համար: Պարզվել է, որ նրանք նոյեմբերի 3-ին պատուհանից մուտք են գործել Աթոյան անցուղի շենքի 21 շենքի Տ. Գասպարյանի բնակարան եւ այնտեղից հափշտակել տարբեր տեսակի օծանելիքներ եւ կենցաղային իրեր: Իսկ սեպտեմբերի 23-ին Իսահակ Ազատյանը միայնակ, ինքնաշեն աստիճանի օգնությամբ մտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետ, գեներալ Հովհաննես Վարյանի բնակարան եւ այնտեղից հափշտակել կենցաղային իրեր, խմիչքների հավաքածու եւ սնունդ: Դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունը, որից հետո ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են «Նուբարաշեն» ՔԿՀ:

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի