«Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում ամրագրված էր, որ համատեղ գործունեության ընթացքում կսկսվեն երեք՝ «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական ուժերի միասնական  կուսակցություն դառնալու բանակցությունները: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը  դեռեւս երկու ամիս  առաջ NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ պետք է չշտապել,  մանրակրկտորեն քննարկել հարցը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Մանե Թանդիլյանից հետաքրքրվեցինք, թե հարցն ինչ ընթացք է ստացել եւ որքանով է իրատեսական, որ այս գումարման Ազգային ժողովում մեկ կուսակցություն դառնալու դրույթը կյանքի կոչվի: 

«Իրականում մենք շեշտել ենք, որ համատեղ  աշխատանքի արդյունքում կսկսվեն բանակցությունները: Երկու խմբակցություններ ձեւավորվել են, եւ  համատեղ աշխատանքը ճանապարհին է, մենք ունենք միասնական նախաձեռնություններ, որոնց շուրջ աշխատանքը հուշում է, որ երեք կուսակցությունը ներդաշնակ է աշխատում, եւ այդ դրույթը, որ ֆիքսել ենք, ուժի մեջ է, այն գործելու է: Այդ բանակցությունները կսկսենք պատեհ պահի»:

Հարցին՝ մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններ իրատեսակա՞ն է համարում, որ «Ելք» դաշինքի երեք քաղաքական ուժերը կդառնան մեկ  կուսակցություն, Թանդիպյանը պատասխանեց. «Ես պետք է ասեմ, որ այն աշխատանքային մթնոլորտը, որ այսօր կա դաշինքում, շատ առողջ է, շատ որակյալ է: Այս մթնոլորտը ամենակարեւորն է, որ պետք է պահպանենք, իսկ բանակցություններ, բնականաբար, տեղի են ունենում»:

Պատգամավորը չհերքեց, որ բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ երեք ուժերը տարբեր տեսակետներ են ունենում:  Վստահեցրեց, թե հաջողվում է այն դարձնել մեկ միասնական կարծիք: «Եւ սա նշանակում է, որ ճանապարհը հարթում ենք այդ ուղղությամբ»,-ասաց պատգամավորը: