Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովի շրջանակներում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍՏ) կազմակերպած գալա ընթրիքին:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները եւ իրականացվող ծրագրերը` կրթաթոշակային ծրագիրը, «Հաջորդ սերնդի խորհուրդը», ոչ ֆորմալ ներդրողների ցանցը եւ հիմնադրամի պաշտոնական կայքը:
Ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր ՖԱՍՏ-ի եւ մի շարք կրթական հաստատությունների միջեւ:
Գալա ընթրիքին ներկա են եղել նաեւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի շրջանակներում ձեւավորվող «Հաջորդ սերնդի» նորընտիր խորհրդի 15 անդամները: Խորհուրդը միավորելու է գիտելիքներով եւ համապատասխան հմտություններով զինված երիտասարդ տաղանդավոր գիտնականներին եւ տեխնոլոգիաների գծով մասնագետներին ողջ աշխարհից` նպատակ ունենալով խթանել տեխնոլոգիական զարգացումն ու գիտական եւ ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս:
Միջոցառման ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով:
«Հարգելի՛ գործընկերներ,
Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի առաջին գործնական նախաձեռնության՝ ԱՄՆ-ի գիտության ազգային հիմնադրամի հետ համատեղ աշխատաժողովի անցկացման առթիվ: Կարծում եմ, որ նման համագործակցություն հաստատելու ճանապարհը պետք է միասին անցնենք` գիտելիքի եւ բարձր տեխնոլոգիաների առավելությունների վրա հենվող տնտեսություն ձեւավորելու մեր նպատակին հասնելու համար: Այս առումով ողջունում եմ նաեւ այսօր սկիզբ առնող գործակցության նոր ծրագրերի շուրջ ձեր ծավալած քննարկումները:
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամն ավելի հայտնի է իր անվանման անգլերեն ՖԱՍՏ հապավումով: «Ֆաստ» նշանակում է «արագ», ուստի մենք պետք է կարողանանք արագ կողմնորոշվել եւ մեր ճիշտ տեղը գտնել այս արագ փոփոխվող աշխարհում:
Հիմնադրամը Հայաստանի զարգացման գաղափարի շուրջ է հավաքել անվանի հայերի մայր Հայաստանից եւ սփյուռքից: Նրանք հաջողություն են արձանագրել գիտության, տեխնոլոգիաների եւ դրանց հետ շաղկապվող ձեռնարկատիրության ոլորտում: Նոր աջակիցների ներգրավումը եւ համատեղ ջանքերով ավելի ամուր Հայաստան կերտելու ձգտումը թույլ են տալիս վստահություն հայտնել, որ առաջանցիկ տեմպերով տեխնոլոգիապես արագ զարգացման տեսլականն այլեւս հասանելի է` եւ՛ հասանելի հեռանկար է, եւ՛ նպատակ մեզ համար:
Հիմնադրամի շուրջ միավորված մարդիկ իրենց այլ նախաձեռնություններով տարիներ շարունակ աջակցել են Հայաստանի բարեփոխմանը եւ զարգացմանը: Այս նախաձեռնությունը պետք է դառնա պետական եւ մասնավոր հատվածների համագործակցության եւս մեկ արդյունավետ եւ հաջողված օրինակ: Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ եւ Հայաստանի ողջ պետական համակարգի աջակցությունն այս նախաձեռնությանը, շնորհակալություն եմ հայտնում ՖԱՍՏ-ի հիմնադիրներին եւ աջակիցներին:
Այս հիմնադրամի ստեղծումը խորհրդանշական է: Բոլորդ տեղյակ եք, որ դեռեւս 2008 թվականին Հայաստանից եւ սփյուռքից աշխարհի առաջատար բուհերում ուսանելու մեկնած երիտասարդներին օժանդակելու նպատակով ստեղծվել էր «Լույս» հիմնադրամը: Այսօր «Լույս»-ը դուրս է գալիս իր ավանդական շրջանակներից եւ հանդես է գալիս որպես զարգացման նոր ծրագրի համահիմնադիր՝ փոքրիկ մասով, բայց համահիմնադիր: Այսուհետ եւս մենք շարունակելու ենք հետեւողական լինել տարբեր նախաձեռնությունները համադրելու միջոցով ավելի լավ արդյունքների հասնելու մեր քաղաքականության մեջ։
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանն այսօր գտնվում է կարեւոր փոփոխությունների շրջափուլում: Քայլ առ քայլ, հետեւողականորեն մենք հաղթահարում ենք առկա դժվարությունները եւ արտաքին անբարենպաստ միջավայրի սահմանափակումները: Նույն հետեւողականությամբ բարեփոխում ենք մեր ներքին կյանքը` այն կազմակերպելով փոխադարձ հարգանքի, երկխոսության, հանդուրժողականության, համերաշխության եւ արդար սկզբունքների հիմքի վրա: Այս բոլոր գործընթացները հաջողությամբ կազմակերպելու համար մեզ անհրաժեշտ են նախաձեռնություններ, որոնք թույլ են տալիս ողջ երկրում դրական միջավայր ստեղծել եւ նոր հեռանկարներ բացել:
Նորարարության զարգացման ուղղությամբ Հայաստանի, սփյուռքի եւ միջազգային գիտական համայնքների մեկտեղումը, վստահ եմ, կարող է տալ տեսանելի եւ չափելի արդյունքներ: Հաճախ ենք մենք լսում, որ գիտատեխնիկական շատ մշակումներ չեն իրացվում բյուջետային եւ ֆինանսական սահմանափակումների պատճառով: Այժմ ՖԱՍՏ-ի հովանու ներքո գրանտային-վենչուրային ֆինանսավորման գործիքների ներդրումը կլինի եւս մեկ կարեւոր քայլ մեր գիտական ներուժի լիարժեք բացահայտման ճանապարհին:
Հայաստանի պետությունն իր հերթին հանձնառու է զարգացնելու հեղինակային իրավունքի եւ դրա պաշտպանության իրավակիրառական դաշտը: Մենք նաեւ հետեւողականորեն շարունակելու ենք բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ նաեւ կապիտալի շուկայի մատչելիությունը, որպեսզի դյուրացնենք գիտատեխնիկական մշակումների ֆինանսավորումը:
Վստահ եմ, որ սա է ստեղծագործական թռիչքների համար ճանապարհ հարթելու ամենաճիշտ ձեւը: Կասկած չունեմ, որ 21-րդ դարում կրթությունը եւ գիտելիքը լինելու են բարեկեցիկ եւ ազդեցիկ լինելու անփոխարինելի աղբյուրներ:
Սա է նաեւ արտասահմանում ապրող հայ մասնագետների ներուժը Հայաստանում բացահայտելու եւ կիրառելու ճիշտ ուղին: Գիտելիքին, տեխնոլոգիաներին եւ դրանից բխող զարգացմանը հաջորդելու կգա մասնագետների ավելի մեծ ներգրավումը հայրենիքի շենացման նվիրական գործին:
Ամփոփելով խոսքս՝ պետք է ընդգծեմ, որ ՖԱՍՏ-ը մեզ ցույց է տալիս այն ուղին, որով Հայաստանի իշխանությունները, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը, սփյուռքի կառույցները եւ բոլոր շահագրգիռ անհատները պետք է քայլեն նոր եւ ինտելեկտուալ Հայաստանի տեսլականը իրագործելու համար։
Բարի երթ եմ մաղթում Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամին: ՖԱՍՏ-ի հաջողությունը լինելու է մեր բոլորի հաջողությունը:





























