Մերձավոր Արեւելքը, որը շատ մոտ է Հայաստանին, շարունակում է վտանգ մնալ Հայաստանի համար եւ այդ վտանգը կարող է ավելի ուժեղանալ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող գործընթացները միտում ունեն ավելի սրվելու, քանի որ պայքարը սրվում է Սիրիայում, այդ թվում եւ նավթի հանքերի համար, եւ նրա համար, թե հետագայում ով ավելի մեծ տարածք կկարողանա կառավարել, ինչ տեսք կունենա Սիրիան ընդհանրապես:

«Այս պայքարին մասնակցում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը եւ սիրիական ուժերը, այդ թվում՝ կառավարական», - ասաց թուրքագետը։

Անդրադառնալով Հայաստանի զինված ուժերի վերաբերյալ 7-ամյա ծրագրին, թուրքագետն այն շատ բարձր գնահատեց. «Սա նշանակում է, որ մենք ոչ միայն դիվանագիտական ճանապարհով պետք է փորձենք դիմակայել նոր մարտահրավերներին, որ գալիս են Մերձավոր Արեւելքից, այլ նաեւ՝ ռազմական առումով։ Այնպես որ, ռազմական արդիականացման այս ծրագիրը դիտարկում եմ ոչ միայն Արցախի հակամարտության տեսակետից, այլեւ՝ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների»: