Հայաստանի հետ նոր համաձայնագիրը պետք է խորացնի ինտեգրումը երկու երկրների բեռնափոխադրումների ոլորտում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը՝ Երեւանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
Նախօրեին Ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիրը Երեւանում ստորագրել են Մաքսիմ Սոկոլովը ու նրա հայ գործընկեր Վահան Մարտիրոսյանը, երկու երկրների վարչապետների՝ Կարեն Կարապետյանի ու Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ժամանակ։
Երկու երկրների միջեւ բեռնափոխադրումներն արդեն իրականացվում են առանց որեւէ թույլտվության անհրաժեշտության ։ Բայց խոսքը միայն նշանակման երկիր ու հետադարձ ուղղությամբ փոխադրումների մասին է։
Իսկ հիմա ձեւավորվում են իրավական սահմանումները նաեւ կաբոտաժային (մյուս երկրի կետերի միջեւ մեկ երկրի մեքենաների՝ օրինակ Մոսկվայից Վորոնեժ հայկական բեռնատարների) փոխադրումների համար։
«Եվրասիական ինտեգրման շրջանակում մենք մինչեւ 2025 թ․ ծրագրում ենք դուրս գալ ավտոփոխադրումների՝ այդ թվում կաբոտաժային փոխադրումների բացարձակ ազատ ներքին շուկա։ Իսկ հայ- ռուսական համաձայնագիրը դրա համար որոշ իրավական հիմքեր է ստեղծել երկկողմանի մակարդակի վրա»,- հայտնել է Սոկոլովը։
Հնարավոր է, Հայաստանն ու Ռուսաստանը միմյանց համար կաբոտաժը կբացեն նաեւ մինչեւ 2025 թ․։ «Մեր պայմանավորվածությունից է կախված»,- հավելել է Սոկոլովը։

























