Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկված մի շարք հարցեր կարող են ընդգրկվել միջկառավարական հանաձնաժողովի օրակարգում, որպեսզի երկուստեք կոնկրետ քայլեր ձեռնարկվեն դրանց իրականացման ուղղությամբ:

Մասնավորապես, անդրադարձել է կատարվել հայ-իրանական սահմանին բացվող ազատ տնտեսական գոտում ռուսական ընկերությունների ներգրավման հետ կապված հարցերին: Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ մի շարք ընկերություններ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերում այդ նախագծում ներգրավելու վերաբերյալ:

Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, գյուղտեխնիկայի մատակարարմանը եւ մի շարք այլ հարցերի:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մաքսիմ Սոկոլովին՝ Ռուսաստանից Հայաստան բերված ժամանակակից էլեկտրագնացքի համար:

Կարեն Կարապետյանը եւ Մաքսիմ Սոկոլովը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը եւ նոր թափ հաղորդելու երկկողմ առեւտրատնտեսական կապերին: Զրուցակիցները նաեւ պայմանավորվել են հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ` 18-րդ նիստը: