Մոսկվայի ոստիկանությունը պատրաստվածության բարձր մակարդակի վրա է եղել՝ կանխելու արմատական հայացքներ ունեցող երիտասարդների կողմից իրականացվող սադրանքները, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Ըստ իրավապահ մարմինների՝ ոստիկանությունը պատրաստ է ազգայնական բնույթի ենթադրյալ փողոցային ակցիաներին, որոնցից մի քանիսը նախատեսված է իրականացնել այսօր՝ դեկտեմբերի 15-ին: Միաժամանակ ստուգվում է ազգային համայնքների կողմից հնարավոր ակցիաների կազմակերպումը:
Անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են նաեւ Ռուսաստանի մյուս քաղաքներում: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նիժնի Նովգորոդի կենտրոնում չարտոնված հանրահավաքների իրականացումը վերահսկելու նպատակով երեքշաբթի հերթապահել են ոստիկանության ուժեղացված ջոկատները:
Ոստիկանները տեղեկություն ունեն, որ քաղաքի կենտրոնում հանրահավաքների նախաձեռնող խումբը պատրաստվում է ակցիա իրականացնել ի հիշատակ «Սպարտակ»-ի՝ սպանված երկրպագուներից մեկի՝ Եգոր Սվիրիդովի: Դոնի Ռոստովի իրավապահ մարմինները նույնպես ուժեղացված պատրաստվածության են բերվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի հայերի միությունն իր հայրենակիցներին կոչ է արել չտրվել սադրանքներին եւ չմասնակցել կովկասցիների կողմից կազմակերպվելիք զանգվածային ակցիաներին:





























