«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի նախնական տարբերակը խնդրահարույց է, Հանրապետական կուսակցության շատ ներկայացուցիչներ մտահոգություններ ունեն այս նախագծի հետ կապված: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ Հանրապետականները ներկայումս քննարկում են օրինագիծն ու առաջարկություններ ներկայացնում:
«Մենք պահպանողական կուսակցություն ենք, պահպանողականներն ազգային արժեքների, ավանդական ընտանիքի, եկեղեցու, մասնավոր սեփականության գաղափարների բացարձակ կրողներն են, սրանք մեզ համար բացարձակ արժեքներ են: Հանրապետականներս ազգային ավանդական ընտանիքի կողմնակից ենք, այն դրույթները, որոնք հակասության մեջ կմտնեն մեր ազգային ավանդական արժեքների հետ, խնդրահարույց են մեզ համար»,- ասաց կուսակցության մամուլի խոսնակը:
Շարմազանովի խոսքով, օրինագիծը բարեփոխման կարիք ունի, ինքը՝ որպես ԱԺ փոխնախագահ, մտահոգիչ դրույթներ է տեսնում:
«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ վտանգի տակ չդնենք մեր ավանդական ընտանեկան արժեքները, մյուս կողմից պետք է քննադատենք բռնությունը, բոլորս էլ դեմ ենք բռնություններին, հայ մարդու համար բռնությունը երբեք գործելաոճ չի եղել: Կնոջ, մոր դերը մշտապես բարձր է եղել մեր հասարակության մեջ, եթե 10 շեղվածներ բռնություն են կիրառում, չպետք է դա տարածել բոլոր հայկական ընտանիքների վրա եւ ասենք, որ Հայաստանում կա ընտանեկան բռնություն: Հայաստանում ընտանիքը ամենաառողջ կորիզն է»,- ասաց նա:
Շարմազանովի կարծիքով, պետք է այնպիսի օրենսդրական նախաձեռնություն ունենալ, որով եւ կբացառվի բռնությունը, եւ չեն լինի դրույթներ, որոնք կհակասեն Սահմանադրությանը, քրիստոնեական աշխարհընկալմանը. «Սա իմ պահպանողական մոտեցումն է եւ ոչ մեկը չպետք է զարմանա, որ պահպանողականն ունի նման կարծիք»:




























