Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ասոցացված անդամակցության պայմանագրի նախագծի մշակման բանակցությունները շատ ինտենսիվ եւ արդյունավետ են ընթանում։ Այս մասին Հայաստան-ԵՄ բանակցությունների երրորդ փուլի արդյունքներով հայտարարել է Արեւելյան Եվրոպայի, Հյուսիսային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով Եվրահանձնաժողովի տնօրեն Գուներ Վիգանդը։

Նա հույս է հայտնել, որ Հայաստանը եւ ԵՄ-ն կարող են հասնել համագործակցության ամենաբարձր մակարդակի։ Եվրահանձնակատարը նշել է, որ արդեն  իսկ տեսանելի են կոռուպցիայի դեմ պայքարի, կազմակերպված հանցավորության եւ դատական բարեփոխումների ոլորտում առկա որոշակի արդյունքներ։ Գուներ Վիգանդն ընդգծել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում ԵՄ ասոցացված անդամակցության նախագծի մշակման շուրջ։

«Հայաստանի համար առավել հեռանկարային է զբոսաշրջության ոլորտը։ Բանակցություններ են վարվում նաեւ գյուղատնտեսության ոլորտում»,- ասաց Վիգանդը՝ ընդգծելով, որ բոլոր այս հարցերն առավել մանրամասն կքննարկվեն մայիսին Բուդապեշտում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին։