ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաեւ առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է կաշառք ստանալու եւ պաշտոնեական դիրքի չարաշահման եւս մեկ դեպք:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետ Միքայել Ղարաքիշյանը, նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Թամազ Ֆերոյանի եւ նրա հովանավորության տակ գտնվող մյուս դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար 2017թ.-ի հունիս-հուլիս ամիսներին Թ. Ֆերոյանից կաշառքի գումարներ է ստացել:
Միաժամանակ հիշյալ բաժնի պետը շահադիտական նպատակներով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը` օրենքով նախատեսված միջոցներ չի ձեռնարկել կաշառք տված դատապարտյալի եւ նրա հովանավորյալների խցերի դռները փակելու, ապօրինի պահվող բջջային հեռախոսները վերցնելու եւ թղթախաղերը կանխելու ուղղությամբ:
Ավելին, ՔԿՀ-ի խցերի խուզարկություններն առանձին դեպքերում կրել են ձեւական բնույթ, որի հետեւանքով դատապարտյալներն անարգել ելումուտ են կատարել տարբեր խցեր, օգտագործել ալկոհոլ եւ թմրամիջոցներ:
Այսպիսով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու` կաշառք ստանալու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետ Մ. Ղարաքիշյանը:
Նախաքննությունը շարունակվում է:



























