«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ռեեստրում գրանցված է 12251 արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ), որոնց շարքում են շենքերի վերելակները, կարուսելները, վերամբարձ կռունկները եւ այլ տեխնիկական կառույցներ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնից», 2010-ին կենտրոնում տեխնիկական անվտանգության փորձաքննություն են անցել նշյալ օբյեկտներից ընդամենը 5558-ը, որոնցից 235-ին տրվել է բացասական եզրակացություն: Ըստ կենտրոնի տրամադրած տվյալների՝ փորձաքննություն չանցած ԱՎՕ-ները հիմնականում վերելակներ են: Երեւանի 4121 շահագործվող վերելակից Կենտրոնի ռեեստրում գրանցված է 3988-ը, որից փորձաքննության է ենթարկել ընդամենը 1621-ը:
Երեւանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Գագիկ խաչատրյանի հավաստմամբ՝ վերելակները համատիրությունների վերահսկողության ներքո են, եւ վերելակների տեխնիկական վիճակի համար պատասխանատվությունը բնակիչներինն է: «Մենք զգուշացումներ ենք ուղարկել Երեւանի բոլոր վարչական շրջաններին եւ համատիրություններին՝ հորդորելով զբաղվել Կենտրոնում չգրանցված ու փորձաքննության չենթարկված վերելակների խնդրով»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գ. Խաչատրյանը:
Նշենք, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ շահագործվող յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտ ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ: Արտադրական վտանգավոր օբյեկտը ռեեստրում գրանցման եւ տեխնիկական անվտանգության փորձաքննության չներկայացնելը ենթակա է վարչական տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
2010-ին կատարվել է 848 արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցում, որը 524-ով ավելի է նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի կատարած գրանցումներից:





























